Հայերեն * English
< Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
04.10.2017 Category: Նորություններ ԲԲՏՄ Գ/Կ-ից

Հայաստանի Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամ


Հայաստանի Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը /ՀԳՏՏԶՀ/ ստեղծվել է 2009 թվականին Հայասատանի կառավարության և «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» /IFAD/ համատեղ ծրագրի շրջանակներում

ՀԳՏՏԶՀ-ը ներդրումային հիմնադրամ է, որն օժանդակում է գյուղատնտեսության ոլորտում աշխատող փոքր ու միջին ձեռնարկություններին՝ տրամադում ֆինանսական, տեխնիկական, խորհրդատվական և կառավարչական լիարժեք աջակցություն, նպաստում  ձեռնարկությունների տեխնիկական վերազինմանն ու տնտեսական առաջընթացին, տալիս մրցունակ արտադրանք ստեղծելու և նորանոր շուկաներ գրավելու հնարավորություն:

Իր գործունեության ընթացքում հիմնադրամը համագործակցել է տասնյակից ավելի փոքր ու միջին ձեռնարկությունների հետ, որոնք զբաղվում են ագրոբիզնեսի հետևյալ ուղղություններով.

·        գյուղմթերքների վերամշակում և պահածոյացում

·        կաթնամթերքի արտադրություն

·        ձկնաբուծություն

·        գինեգործություն

Այսօր ՀԳՏՏԶՀ-ի հաճախորդ ձեռնարկությունների արտադրանքը ներկայացված է Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ երկրների, Եվրոպայի, ԱՄՆ-ի,Կանադայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրաքի, Իսրայելի, Չինաստանի շուկաներում:

Հիմնադրամի կողմից կարևորվում է նաև արտադրության մշակույթի ձևավորումը: Այդ նպատակով իր հաճախորդ-ձեռնարկությունների համար ՀԳՏՏԶՀ-ը կազմակերպում է մասնագիտական հանդիպումներ և ուսուցումներ, հրավիրում միջազգային փորձագետների և խորհրդատուների, ինչպես նաև ապահովում իր հաճախորդների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին:

ՀԳՏՏԶՀ-ը հատուկ ուշադրությամբ է վերաբերվում շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին, օրգանիկ տնտեսությունների զարգացման և սերտիֆիկացման անհրաժեշտությանն ու էներգախնայող համակարգերի ներդրմանը: «Շտիգեն» ընկերության և «ԱԳԲԱ-Լիզինգ»-ի հետ համատեղ ծրագրի շրջանակներում հիմնադրամն առաջարկում է իր հաճախորդ ձեռնարկություններին շահավետ պայմաններ այլընտրանքային էներգիայի միջոցներ ձեռք բերելու համար:

Հաճախորդի նկատմամբ հատուկ մոտեցումը, նրան նախևառաջ որպես գործընկեր վերաբերվելը ՀԳՏՏԶՀ-ի աշխատանքային սկզբունքներից մեկն է: Բոլոր ծրագրերն ուսումնասիրվում և մշակվում են համատեղ, իսկ հետագայում հիմնադրամը հետևում և օժանդակում է դրանց իրականացմանը: 

Գործընկեր ձեռնարկություններից ՀԳՏՏԶՀ-ը բաժնեմասնակցային ներդրման համար գրավ չի պահանջում, սակայն պահանջում է, որ ձեռնարկությունը բավարարի միջազգայնորեն սահմանված մի շարք չափանիշների: Այդ հարցում ևս ՀԳՏՏԶՀ-ը պատրաստ է հնարավորինս աջակցել իր գործընկերներին: Հատուկ այս նպատակով է ստեղծվել հիմնադրամի նոր ֆինանսական պրոդուկտը՝ նախաներդրումային /միջանկյալ/ ֆինանսավորումը.

ՀԳՏՏԶՀ-ը գործընկեր ձեռնարկությանը գրավով ապահովված վարկ է տրամադրում երկու-երեք տարի ժամկետով, սակայն ոչ միայն ֆինանսավորում է ձեռնարկությունը, այլև մասնակցում է դրա կառավարմանը: Համատեղ կառավարման ընթացքում ՀԳՏՏԶՀ-ն օգնում է լուծել ձեռնարկության առջև ծառացած բոլոր խնդիրները:

Ինչպես յուրաքանչյուր ներդրումային կազմակերպություն, ՀԳՏՏԶՀ-ը ևս հետապնդում է որոշակի ֆինանսական շահույթ, սակայն Հիմնադրամում մշակված և IFAD-ի կողմից հաստատված գրեթե բոլոր ծրագրերը, բացի բիզնես-բաղադրիչից, ունեն նաև մեծ սոցիալական նշանակություն՝ ՀԳՏՏԶՀ-ի կողմից իրականացված ֆինանսավորման արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր՝ թե՛ մշտական և թե՛ սեզոնային, ավելանում են ֆերմերներից իրականացված մթերումների ծավալները, բարձրանում է տնային տնտեսությունների կենսամակարդակը: