ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ

Ինչ է Ագրոտուրիզմը

 

Ագրոտուրիզմը հանգիստն է գյուղական վայրում: Հանգստի այս ձևը այցելուներին, զբոսաշրջիկներին,հատկապես  քաղաքաբնակներին, թույլ է տալիս  գիտելիքներ ձեռք բերել տնտեսության  վարման մասին,  ծանոթանալ գյուղատնտեսական  մթերքների արտադրությանը, ճաշակել բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես և օգտվել  ոչ սովորական պայմաններում  ժամանցի հնարավորությունից:

          Ագրոտուրիզմը հնարավորություն է տալիս մեր  տնտեսությունը կամ   գյուղմթերքների շուկան  դարձնելու   արտակարգ մի զբաղմունք: Սա յուրաքանչյուր գյուղաբնակի հնարավորությունն է տնտեսությունը կամ  բիզնեսը դարձնել  ավելի բազմազան, ընդարձակել այն, որպեսզի  հաճախորդներ հրապուրելու  միջոցով  ավելացնի  եկամուտը:

          Ագրոտուրիզմը  հնարավորություններ է  ստեղծում  շեշտադրել  գյուղատնտեսական  բիզնեսի առանձնահատուկ  ճյուղերը /գինեգործարաններ, պանրի և կաթի արտադրություններ, պտղատու այգիներ, չորանոցներ/ գյուղաշխարհի  գեղեցկությունը,  որակյալ մթերքներ և բնական  միջավայր:

          Շփվելու ունակությունը, բարեկամական  ու բարեհամբյուր վերաբերմունքը,  ջերմ հյուրասիրությունն ու  նպաստավոր այլ  պայմանները,  որպես ագրոտուրիզմի կազմակերպման  կարևոր նախապայմաններ, առկա են  մեր մարզի  գյուղական համայնքներում:

ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄ

 

Ինչպես բազմաթիվ լեռնային երկրներ, Հայաստանը նույնպես  առանձնանում է  հարուստ ռեկրեացիոն ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և ժայռակոփ  անձեռակերտ հուշարձանները, հարուստ բուսական աշխարհը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և  ավանդական հյուրասիրությւնը կարևոր  գործոններ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման համար:

          Վերջին երեք տասնամյակների ընթացքում զբոսաշրջության այս ուղղությունը  բուռն զարգացում է ապրում: Ի դեպ, ագրոտուրիզմի զարգացումն ուղղակիորեն  կապված է  ուրբանիզացման  գործընթացների հետ; Այսինքն, քաղաքային բնակավայրերի և  բնակչության ավելացումը, որպես  կանոն, ուղեկցվում է գյուղական բնակավայրերի  և բնակչության կրճատումով: Այս գործընթացը քաղաքային  բնակչության համար  առաջացնում է բնության և գյուղական կենցաղի  հետ հաղորդակցվելու  սահմանափակումներ; Հետևաբար, մի կողմից` գյուղական ծագում  ունեցող քաղաքային  բնակչության կարոտախտը և մյուս կողմից ` առողջ ապրելակերպի համար բնական միջավայրից և օրգանական սննդամթերքից օգտվելու անհրաժեշտությունը դրսևորում են  ագրոտուրիզմի նկատմամբ աճող պահանջարկ:

          Ներկայումս  ագրոտուրիզմը դարձել է ժամանակակից  զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույ ն հատվածներից մեկը:  Զբոսաշրջության էլիտար, արկածային, արշավային և այլ ձևերի  համեմատությամբ, ագրոտուրիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք նպաստում են այս ձևի արագ զարգացմանը:

          Անդրադառնանք այդ առանձնահատկություներից   ամենակարևորներին:

1.       Ագրոտուրիզմը մատչելի է բնակչության գրեթե բոլոր խավերի համար, քանի որ  համեմատաբար նվազ ծախսատար է: Օրինակ` ներկայումս ձևավորված գների պայմաններում Հայաստանի  գյուղական  բնակավայրերում հանգիստը մեկ  մարդ-օրվա հաշվով կազմում է 5-7 հազար դրամ: Մինչդեռ սովորական հանգստյան տներում հանգստանալու համար 2-3 անգամ  ավելի գումար է պահանջվում: Ընտանիքով հանգստանալու դեպքում ագրոտուրիստի ծախսերը պակասում են 35-40 տոկոսով:

2.       Ագրոտուրիզմը, որպես կանոն , ընտանեկան տուրիզմ է, որը հնարավորություն է ընձեռում հատկապես երեխաների  բարոյահոգեբանական և  աշխատանքային դաստիարակության համար:  Որպես կանոն,  գյուղական տուրիզմը  ցանկության դեպքում գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելու և գյուղական կենցաղին հաղորդակցվելու լավագույն  հնարավորություններ է ստեղծում:

3.       Ագրոտուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Այստեղ, որպես հիմնական ներդրող, հանդես է գալիս գյուղական  բնակչության համեմատաբար ունևոր խավը:Ուստի գյուղական  զբոսաշրջության զարգացումն  ինքնին կարևոր ազդակ  է դառնում նաև գյուղատնտեսության զարգացման համար:

4.       Ագրոտուրիզմի զարգացումը նպաստում է  նաև գյուղական կյանքի աշխուժացմանը, գյուղում  սոցիալական  ենթակառուցվածքների և մշակույթի զարգացմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  ագրոտուրիզմը  դասել է ոլորտի գերակա ուղղությունների շարքում և առաջարկություն է ներկայացրել ՄԱԿ-ի ՊԳԿ-ին ծրագրային առաջնահերթությունների  ցանկում ներառելու համաւր:  Հատկապես կարևորվում է  միջազգային փորձի ուսումնասիրությունը, անհրաժեշտ  ենթակառուցվածքների  զարգացումը և  ագրոտուրիզմի կառավարման  արդիական  համակարգի  ներդրումը:

          2009 թվականի գարնանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության  մի խումբ  աշխատողների  և Գեղարքունիքի  ԳԱՄԿ-ի մասնագետների  հետ այցելեցինք Նորատուսի հայտնի  գերեզմանոցը և Հայրավանքի եկեղեցին: Մեզ զարմացրեց նորատուսցի դպրոցական  պատանիների յուրաքանչյուր խաչքարի մասին իմացությունը և իրենց գիտելիքները  այցելուներին մատուցելու  հմտությունը: Իհարկե, հայտնվեցին նաև մրցակիցները` նորատուսցի ծերունիները, որոնք  փորձում էին , երեխաներին լռեցնելով  իրենց ձեռքում պահել ուղեվարի  մենաշնորհը: Դրսի այցելուի վրա  անջնելի տպավորություն կթողնեն արևահարված դեմքերով և վառվռուն աչքերով  նորատուսցի  աղջնակներն ու տղեկները , բայց դժվար  կմոռացվի նաև այդ յուրօրինակ  բիզնեսի համար սերունդների պայքարը:

          Իսկ Հայրավանքում եկեղեցու վերաբերյալ  պատմական տեղեկությւններ ստանալու համար մեծ դժվարությամբ գտանք միակ բանիմաց մասնագետին: Նույն պահին այնտեղ հանդիպեցինք արտերկրից  ժամանած շուրջ մեկ  տասնյակ մարդկանց, որոնք  փորձում էին ինքնուրույն  ծանոթանալ այդ  պատմական հուշարձանին:

Շատ օգտակար  բարեգործությւն է անում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Այս ընկերության և դրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ջանքերով պատմական հուշարձանների մոտ տեղակայվում  են բազմալեզու  տեղեկատվական  վահանակներ, որն, անշուշտ, մեծ աջակցություն է  տուրիզմին: Դրա հետ միասին տուրիզմի զարգացումը պահանջում է ճանապարհների կառուցում, հուշարձնների բարեկարգում, սանհանգույցների և հանգստի տաղավարների, ինչպես նաև  հուշանվերների վաճառքի կետերի ստեղծում:

          Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հույս են ներշնչում , որ մոտ ապագայում տուրիզմը, այդ թվում ագրոտուրիզմը, կդառնա Հայաստանի տնտեսության առաջավոր ոլորտներից մեկը:

                                                            

                                                                       ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ

                                                         ՀՀ Գյուղատնտեսության նախարարի

                                                     Առաջին տեղակալ, տնտեսագիտության

                                                                           դոկտոր, պրոֆեսոր