ՍԵՎԱՆԱ  ԼԻՃ

 

Սևանա լիճը վաղուց ի վեր համարվում է  հայ ժողովրդի գլխավոր  խորհրդանիշներից  ու ուխտավայրերից մեկը:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է  խոշոր լճերի շարքը: Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ, աշխարհի քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի մեծ լճերից է, այն նախկինում կոչվել է Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Մակերեսը` 1260 կմ2, ջրի ծավալը` 32,92 մլրդ մ3: Լճին առանձնակի հմայք են տալիս շուրջպար բռնած Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները: Սևանա լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն այն առաջացել է չորրորդական  ժամանակաշրջանում այստեղ ընթացող հրաբխային  գործունեության հետևանքով` միջլեռնային տեկտոնական իջվածքում  սառցադաշտային  և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի` Մեծ Սևանի /37.7 մ միջին խորություն/ և Փոքր Սևանի /50.9մ/: Լիճ են թափվում  28 մեծ ու փոքր գետակներ` Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Բարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը` Հրազդանը:

 Լիճը էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Լճի ջրային պաշարներն օգտագործվում  են հողերը  ոռոգելեւ, Հրազդանի  ջրէկները աշխատացնելու և ամբողջ երկրին էլեկտրոէներգիա մատակարարելու համար: Կենսաբանական  բազմազանության  պահպանությունն ուղղված  է սևանա լճի ավազանի  բնական պաշարների  երկարաժամկետ օգտագործման  կարգավորմանը, որը կնպաստի ոչ միայն ավազանի, այլև ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Սևանա լիճը բնության կողմից  պարգև տրված  անփոխարինելի առողջարան է , ուր առայժմ զարգացում է ապրել ամառային տուիզմը: Սակայն լիճը իր ջրահավաք ավազանով ունի նաև  ձմեռային տուրիզմի կազմակերպման գերազանց հնարավորություններ ու հեռանկարներ: