ԱՐՄԱՂԱՆ/ ՄԱՐՄԱՂԱՆ/

 

Տեղացիներն ասում են, որ Արմաղան լեռն Աստծո պարգև է, և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և անպայման նորից այցելում:

Լեռը տանող ճանապարհն անցնում է Սևանա լճով: Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 50 կմ դեպի Սևան շարժվելով` թեքվում ես դեպի Մարտունի և անցնում ևս 65 կմ: Չքնաղ կապուտաչյա լճի բարձրացող ջրերը ճանապարհի մեծ մասը ուղեկցում են քեզ ձախ կողմից, իսկ աջից փոփոխվող բնապատկերներ են:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք հասնելուն պես ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա գտնվող լեռը հառնում է աչքիդ առաջ իր ողջ գեղեցկությամբ` այնքան մոտ ու միաժամանակ այնքան հեռու:

Արմաղան լեռան մասին քիչ են լսել անգամ տեղացիները, էլ ուր մնաց արտասահմանցիները: Սակայն լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լճակը դարձնում են այն Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը: Վերջերս նորոգված փոքր մատուռը, Սևանի գեղեցիկ տեսարանը, բարենպաստ եղանակն ամռան մեծ մասի ընթացքում այն այցելության համար ավելի գրավիչ վայր են դարձնում:

Լեռը բարձրանալը հեշտ չէ, սակայն երբ հասնում ես գագաթին, բնությունը լիուլի վարձահատույց է լինում ծախսած ջանքերիդ համար:

Լեռնային լճակ տանող ճանապարհն անցնում է ստորոտին իրար մոտ տեղադրված երկու գյուղերի` Լեռնակերտի ու Մադինայի միջով: Գեղահովիտից դուրս գալուց հետո մինչև գագաթ մնացած 4 կմ ճանապարհը վատանում է, դառնում չափից ավելի քարքարոտ ու խորդուբորդ թեթև մարդատար մեքենայի համար: Լեռնակերտի ու Մադինայի (միասին շուրջ 200 ընտանիք) բնակիչները հին խորհրդային «Վիլիսներ» ու «Նիվաներ» ունեն և ասում են, որ ուրիշ մեքենա իրենց մոտ պարզապես չի դիմանա:

Գեղարքունիքի մարզի բնակիչների մեծ մասի նման այս գյուղերի բնակիչներն աչքի են ընկնում իրենց հյուրասիրությամբ: Դժվար մի տուն անցնես, մի մարդ տեսնես, որ չփորձի հյուրասիրել քեզ` մի գավաթ սուրճ կամ հյութ և, իհարկե, մի բաժակ օղի` լավաշ ու պանրով:

Կյանքը գյուղում բարելավվում է, քանի որ այստեղ մարդիկ աշխատասեր են: Ասում են, որ ղեկավարները նույնպես սիրում են այստեղ գալ իրենց թանկարժեք ջիփերով: Վերջինը վարչապետ Սերժ Սարգսյանն էր, հուլիսի 15-ին` Վարդավառի օրը:

«Իհարկե, արտասահմանցիներ էլ են լինում, բայց քիչ: Վերջերս զբոսաշրջիկներ էին եկել Գերմանիայից, Սլովենիայից: Քչերն են այստեղ գալիս, բայց ով գալիս է, հեռանում է գոհ ու բավարարված»,- ասում  են մադինայի բնակիչները: Պատմում են մի օտարերկրացի զբոսաշրջիկի մասին, որն այնքան էր տպավորվել Արմաղանում իրենց ցույց տված հյուրասիրությունից, որ մի ամբողջ տարի շնորհակալական նամակներ ու նվերներով փաթեթներ էր ուղարկում:

Լեռը բարձրանալիս կարևոր է ճիշտ ճանապարհ ընտրել: Թերևս վատ ընտրության պատճառով երկու ժամվա փոխարեն  չորս ժամվա դժվար վերելքից հետո, երբ մտածում ես, որ երբեք չես հասնի գագաթին, հանկարծ լեռան կատարին աչքերիդ առաջ բացվում է հիասքանչ լճակի տեսարանը: Ընդամենը 100 մ տրամագծով լճակը, տեղացիների հավաստմամբ, սնվում է անձրևաջրերից: Ասում են, թե մի քանի տարի առաջ այն գրեթե լրիվ ցամաքել էր, բայց նորից լցվել է:

Լեռան ձգողական ուժով ու հիասքանչ շրջակայքով դյութված` ժամանակը շատ արագ է անցնում: Սակայն պետք է շուտ սկսել վայրէջքը, մութն ընկնելուց առնվազն երկու ժամ առաջ:

Սակայն եթե ուշանաք, տեղացիներն օգնության կհասնեն: Գիշերելու տեղ ու նախաճաշ առաջարկելը, կարծես, նրանց հյուրասիրության մասն է կազմում: