ՍԵՎԱՆԻ ԹԵՐԱԿՂԶԻ

 Սևանի թերակղզին հայ ժողովրդի հնագույն բնօրրաններից և գլխավոր ուխտատեղիներից մեկն է: Սևանի վանական համալիրը հիմնադրել է Գրիգոր Ա. Լուսավորիչը 305 թ. Սևանա կղզում /այժմ թերակղզի/: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը` Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքրը) և Աստվածածին, որոնք ցայսօր գործում են: Սևանի վանական համալիրում ապրել և գործել են կաթողիկոսներ Հովհաննես Ե. Դրասխանակերտցին, Սարգիս Սևանցին, աբբահայր` Մխիթար Սեբաստացին և այլք:

Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը` գրված 874թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։

1990թ. այստեղ բացվել է Սևանի վանքի դպրանոցը, որն ի պատիվ Վազգեն  Ա Կաթողիկոսի, 1994թ. կոչվել է Վազգենյան:

Թերակղզին համարվում է Գեղարքունիքի մարզի գլխավոր տուրիստական  գրավչության օբյեկտ`արհեստական անտառներով, շրջակա հյուրանոցային համալիրներով և սպասարկման տաղավարներով: