ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

                      ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

 Գեղարքունիքի ՙԳյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոն՚-ը ստեղծվել է  ՀՀ Գյուղատնտեսության Նախարարի ` 02.09.1999թ. թիվ 316 հրամանի համաձայն: Պետ Ռեգիստրում գրանցվել է 22.09.99թ.:

Գործունեության հիմնական տեսակներն են.

  •  Մասնագիտական ծառայությունների իրականացում
  •  Տեղեկատվական և լրատվական  գործունեության  իրականացում
  •  Մարկետինգային ծառայությունների,  մարզի տնտեսվարող սուբյեկտների, գյուղատնտեսական և    ագրովերամշական  արտադրանքի իրացման աջակցություն:
  •  Նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման հետ կապված  ծառայությունների մատուցում, գիտական նյութերի ներդրում:
  • Ուսուցողական ծրագրերի, փորձաարտադրական  աշխատանքների  կազմակերպում:
  •  Առևտրամիջնորդ գործունեություն
  •  Պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր:
  •  Խառը գյուղատնտեսություն, այդ թվում անասնապահություն:
  • Գյուղական բնակչության  տնայնագործական, պատանեկան զբոսաշրջիկության և այլ ծրագրերի կենսագործում:

   Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնը ունի  24   աշխատակից, որոնցից  վեց մասնագետները հիմնականում լինում  են կենտրոնում: Նրանք հանդիսանում են  խորհրդատվական  մարզային ծառայության  ռազմավարություն իրականացնողները:

ԳԱՄԿ-ը  ղեկավարում է տնօրենը, որը հանդիսանում է գյուղատնտեսության  խորհրդակցական  մարզային   խորհրդի նախագահը: Նա  կազմակերպում է  մարզային խորհրդի  եռամսյակային  հանդիպումները ,  խորհրդին տրամադրում  է   անհրաժեշտ  տեղեկատվություն` գյուղատնտեսական  խորհրդատվական ծառայության   երկարա-ժամկետ  ռազմավարության մշակման  համար:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ - ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԳԱՄԿ-ի հիմնական հաստիքացուցակն ունի հետևյալ պատկերը`

1.Տնօրեն

2.Հաշվապահ 1

3.Գիտական կապերի գծով, Լրատվության և Մարկետինգի և Գյուղատնտեսության գծով մասնագետներ – 3

4.Գրասենյակի ղեկավար 1

5.Գյուղատնտեսության գծով տեղական խորհրդատուներ- 16

6.Պահակ, օժանդակ աշխատող - 2

Տնօրենը  ղեկավարում է ԳԱՄԿ-ի աշխատանքները , ապահովում է ԳԱՄԿ-ի մասնագետների և  խորհրդատուների  օպտիմալ  զբաղվածությունը, նրանց   իրավասությունների շրջանակները և  գործունեության  ուղղությունները: ԳԱՄԿ-ի մասնագետները, որպես մեկ թիմի անդամներ, քաջ ծանոթ են ԳԱՄԿ-ի աշխատանքի  նպատակներին ու խնդիրներին և  գործունեության ոլորտներին: Նրանք հնարավորության սահմաններում   բացահայտում են ֆերմերային տնտեսությունների  եկամուտների բարձրացման հնարավորություններն ու ներուժը ,  ֆերմերներին  տեղեկատվություն տալիս նոր տեխնոլոգիաների կիրառության, շուկաների  մատչելիության, վարկերի ստացման ու  ներդրումների  հնարավորությունների մասին,  աջակցում  գյուղատնեսության  գծով   խորհրդատուներին` կազմելու իրենց  տարեկան  աշխատանքային   պլանները: Օգնում են խորհրդատուներին  և  ֆերմերներին`  փորձերի կիրառման հարցերում, հետևում   դրանց իրականացման ընթացքին և  խրախուսում    նորարարությունները: Նրանք  հավաքագրում , վերլուծում և  ամբողջացնում են  գյուղատնտեսության գծով  խորհրդատուների  հաշվետվությունները , կազմակերպում են թեմատիկ սեմինարներ,   ուսումնական դասընթացներ , պարզաբանում  աշխատանքի լավագույն  մեթոդների ու  նորարարությունների  կիրառությունը: Այս օղակում գլխավոր  գործող   անձը   խորհրդատուն  է , որի  համակարգված  աշխատանքային   հարաբերությունները , գիտելիքները և փորձը ծառայում են  ֆերմերների  մասնագիտական   պահանջների  բավարարմանը:

Խորհրդատուները գործում են մարզի հինգ  տարածաշրջաններում և սպասարկում են  մարզի 92 համայնքներ , որոնցից երեքը գործում են Գավառի  տարածաշրջանում, սպասարկելով  11 համայնք, 14 բնակավայր: Նրանցից  յուրաքանչյուրը միջին հաշվով  սպասարկում է 4 համայնք: Խորհրդատուներն ունեն բավարար ծանրաբեռնվածություն և  համայքների  սպասարկումն իրականացվում  է լավագույն ձևով:

Մարտունու տարածաշրջանում   աշխատում են  գյուղատնտեսության գծով տեղական երեք խորհրդատուներ , որոնք  սպասարկում են  17 համայնք: Յուրաքանչյուր խորհրդատու  սպասարկում է միջին հաշվով 6 համայնք: Ելնելով    խորհրդատուների միջև համայնքների ճիշտ   բաշխումից, համայնքների   սպասարկումը  կատարվում է  ժամանակին և որակով:

Սևանի  տարածաշրջանի 10 համայնքներում գործում են   գյուղ.  գծով  տեղական  երկու խորհրդատուներ , յուրաքանչյուրը սպասարկելով 5 համայնք: Սևանում ևս  աշխատանքները  ընթանում են բնական ընթացքով, ֆերմերները գոհ են  խորհրդատուների աշխատանքից:

Ճամբարակի  տարածաշրջանում աշխատում են 3 խորհրդատուներ, որոնք սպասարկում են 16 համայնք: Այստեղ յուրաքանչյուր  խորհրդատու սպասարկում է  շուրջ 5 համայնք: Այստեղ կան որոշ դժվարություններ կապված համայնքների դիրքից և հեռավորությունից: Օրինակ,  Անտառամեջ համայնքը  ԳԱՄԿ-ից հեռու է 141 կմ:

Վարդենիսի տարածաշրջանում աշխատում են 4 խորհրդատուներ (ԳՏԽ) , որոնք  սպասարկում  են 36 համայնք: Յուրաքանչյուր  խորհրդատու սպասարկում է  9 համայնք: Այս  տարածաշրջանում խորհրդատուների  աշխատանքները շատ    ծանրաբեռնված  են,  նրանք  դժվարությամբ   են հասցնում  սպասարկել  9-ական համայնք:  Բացի դա,  կա նաև մեկ ուրիշ խնդիր: Այս տարածաշրջանում բնակչության  շուրջ 25%-ը կազմում են նախկինում քաղաքաբնակ փախստականները,  որոնք ավելի շատ կարիք ունեն  գյուղատնտեսության վարման  մասին   գիտելիքների և տեղեկատվության:  Համայնքները գտնվում են իրարից մեծ հեռավորության վրա, համայնքներից շատերում  բացակայում է հեռախոսակապը:

Ընդհանուր միջին հաշվարկով, մարզի կտրվածքով յուրաքանչյուր գործակալի բաժին է ընկնում 6 համայնք:

Խորհրդատուների աշխատանքները ավելի նպատակասլաց և որակով դարձնելու նպատակով մարզի 39 համայնքներում բացվել են խորհրդատվական սենյակներ, որոնք գործում են խորհրդատուների աշխատանքային ժամանակացույցի համաձայն: Սենյակները   կահավորված են  ինչպես տեխնիկական, այնպես էլ  խորհրդատվական նյութերով: Ֆերմերները այցելելով խորհրդատվական սենյակներ,  զրուցում են խորհրդատուների հետ , ստանում իրենց հուզող հարցերի  պատասխանները և կատարում  որոշ  վճարումներ ` մատուցված ծառայությունների դիմաց:

          Մարզում կա 98 բնակավայր, որոնք  ամփոփված են 92 համայնքների մեջ: մարզի  բոլոր համայնքներն էլ 100%-ով գտնվում են ԳԱՄԿ-ի  սպասարկման ծածկույթում:

ԳԱՄԿ-ի կողմից տպագրվում է  ՙՈսկե Հասկ՚ թերթը` 1000 տպաքանակով, որոնցում  արծարծվում են ինչպես ԳԱՄԿ գործունեության, մարզի գյուղատնտեսության , այնպես էլ  մարզի  կենսագործունեության այլ ոլորտներին առնչվող  նյութեր: ՙՈսկե Հասկ՚-ում տպագրվում  են նաև  խորհրդատվական նյութեր:

Իր գործունեության ընթացքում ԳԱՄԿ-ը համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի,  Գավառի Պետ. Համալսարանի, Գյուղ նախարարության համակարգի մարզային ստորաբաժանումների , Գավառի Գյուղատնտեսական Քոլեջի, ԳԱՀԿ-ի, Մարզի Առևտրաարդյունաբերական պալատի,  և այլ կազմակերպությունների հետ:

http://www.gegharkunik.agro.am