01/01/70

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի / հյուսիսում/, Կոտայքի և Արարատի /արևմուտքում/ և Վայոց Ձորի մարզերին /հարավում/, ինչպես նաև Ադրբեջանին /արևելքում/: Մարզի ամենաերկար  ձգվածությունը  հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115 կմ, արևմուտքից արևելք` 85 կմ:       Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի /նախկին`Կրասնոսելսկ/, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջանները: Մարզկենտրոնն է Գավառ քաղաքը: Մարզի տարածքը կազմում  է 5348 քառ. կմ, որից գյուղատնտեսության  համար  պիտանի  հողատարածությունը կազմում է 240.033 հազ. հա: Գեղարքունիքն  ամենախոշոր մարզն է ըստ  տարածքի և զբաղեցնում  է ՀՀ տարածքի 18%-ը: Մարզն  իր մեջ  ներառում  է 5 քաղաք` Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական  բնակավայրեր:   Բնակչության  խտությունը կազմում  է 44.5 մարդ/1ք.կմ: Մարզում բնակվում է 238.000.0 մարդ /01.01.2003թ./, որոնց  մեծ մասը` 158.400.0-ը /66.5%/ գյուղական  բնակավայրերում: Բնակչության  թվաքանակում  տղամարդիկ կազմում են 48.2%, կանայք` 51.8%-ը: Գեղարքունիքի մարզի կլիման  բնորոշվում է երկարատև  և խստաշունչ ձմեռներով, քանի որ  գտնվում է  ընդհանուր առմամբ ծովի  մակերևույթից 2000-3500 մ բարձրության վրա: Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է 1325մ, ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը` 3598մ: Բարձր լեռներ են Սպիտակասարը 3555մ, Վարդենիսը 3522մ, Գեղասարը 3446մ: Ամենաերկար  գետերն են Արգիճին 51 կմ, Գավառագետը 47 կմ, և Մասրիկը 45 կմ, առկա  են նաև  խառնարանային լճեր` Աժդահակ և Արմաղան /մինչև 50մ տրամագծով և 15 մ խորությամբ/: Գեղարքունիքի մարզում  է  գտնվում  բարձր լեռնային /բարձրությունը ծովի մակերևույթից`1898մ/, եզակի  էկոհամակարգով Սևանա լիճը, որի  ավազանի ընդհանուր մակերեսը կազմում  է շուրջ 5 հազ. քառ. կմ, լճի հայելու  մակերեսը` 1.2 հազ. քառ. կմ, ծավալը` 35.8 մլդ.խմ: Այն ոչ  միայն մարզի, այլ նաև  հանրապետության համար ունի  առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը  Հարավային Կովկասի քաղցրահամ  ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական  ազդեցություն  ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական  հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Գեղարքունիքի մարզը  յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու   մշակությի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի  գեղեցկությամբ: Այլ կերպ ասած դարեր շարունակ Գեղարքունիքի մարզն ապրում  է իր բնական հավասարակշռված էկոլոգիական  օրենքներով: Մարդիկ ներդաշնակ  են բնության  հետ որպես միասնական մի օրգանիզմ:  Գոգավորության  հյուսիսային մասով ձգվում  են Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռնաշղթան, որը  օղակ է  Սևանի ու Վարդենիսի  լեռնաշղթաների միջև: Եթե Արեգունու  և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի  սահմաններում գտնվող   լանջերը  զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  դեպի Սևանա  լիճ նայող լանջերը համեմատաբար  մեղմաթեք են, որտեղ այդ լեռների  բազմաթիվ հրաբխային կոներից   դուրս ժայթքած  լավան հրաբխային  լեռնալանջերից բացի  առաջացրել է  նաև  սարավանդներ, քարակարկառներ: Մարզի հենց այս  հատվածներում էլ` Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների  ու Սևանա լճի միջև  գտնվող վայրերում  զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար  են հողագործության  համար: Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են: Դրանցից համեմատաբար  ընդարձակը Մասրիկի  դաշտն է: Այդ հարթ տարածությունները  ծովի  մակերևույթից ունեն 1900-2200մ  բարձրություն: Գեղարքունիքի մարզը բնութագրվում  է շատ առատ  արևափայլով, որի  տարեկան  միջին  տևողությունը հասնում է ավելի  քան 2700-2800 ժամ/տարի: Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է , իսկ  ձմռանը` չափավոր ցուրտ: Բնութագրվում է  ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով: Ամառը տաք է, գերիշխում  են քիչ ամպամած եղանակները, մթնոլորտային  տեղումները շատ չեն: Սևանա լճի հարավային և արևմտյան  առափնյա հարթ  տարածությունները բնութագրվում  են  լեռնատափաստանային բերրի  սևահողերով, իսկ համեմատաբար բարձրադիր մասերը` լեռնամարգագետնային հողերով:  Բուսատեսակների  մեջ  գերակշռում են  լեռնատափաստանային , ենթալպյան և  ալպյան բուսատեսակները: Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս  լեռնաշղթաների լեռնալանջային , բարձր լեռնային մասերում, որոնք էլ  հանդիսանում են  ամառային արոտավայրեր  ու խոտհարքներ: Շատ քիչ է անտառային  բուսականությունը, կաղնու , գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան  լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման  հետևանքով առաջացած  տարածքներում  աճեցվել են արհեստական  անտառաշերտեր: Այստեղ զգալի տարածքներ  են զբաղեցնում  փշարմավի պուրակները: Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի  իջեցման  հետևանքով խիստ կրճատվել  է  թռչունների   ու ձկների  տեսակները: Բնական  մյուս տեսակի  ռեսուրսներից , մարզը  հանրահայտ է ոսկու պաշարներով /Սոտքի հանքավայր/: Սոտքի ոսկու հանքավայրի առանձին  հանքախորշերում պահպանված  նշանով ոսկի  արդյունահավել  է հազարամյակներ առաջ:   Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը /այդ թվում արձանիկը/ պատրաստված են Սոտքի  հանքավայրի ոսկուց: Կան  քրոմի ու հրակայուն  ապարների զգալի պաշարներ Շորժայի  հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ` Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ` Մարտունու տարածաշրջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք: Հանքային ջրի պաշարներ կան Գավառի  և Մարտունու  տարածաշրջաններում: Մարզի տարածքում պահպանվել  են բազմաթիվ  միջնադարյան  ճարտարապետական   հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են  բնական հուշարձանները` խառնարանային լճերը, խարամային կոները, ընդարձակ ՙքարային ծովերը՚: Մեծ հետաքրքրություն  են ներկայացնում Սևանա  լճից ազատված  տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Սևանա լիճն իր հերթին շրջապատված  է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ  եկեղեցիներով, որոնցից առավել  հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները: Մարզի տարածքում  է գտնվում ՙՍևան Ազգային պարկը՚ /կազմավորվել է 1978թ.-ին/: Այն զբաղեցնում  է Սևանի  միջլեռնային  գոգավորության հատակը կազմող Սևանա լճի և դրա հատակի ազատված տարածքները: Մակերեսը կազմում  է 150.1 հազար հա, որից 24.9 հազ. հա առափնյա ցամաքային  տարածքներ են: Այն շրջափակված է Արեգունու, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի և Սևանի լեռնաշղթաների լանջերով:  Այստեղ պահպանվել են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ:

          Մարզի տարածքում գործում  է 292,2 կմ միջպետական, 110.8 կմ հանրապետական , 312.6 կմ մարզային նշանակության  և 141.9 կմ համայնքային  ենթակայության ճանապարհներ:  Մարզի տարածքով է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական  նշանակության մայրուղին: Մարզի  բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

          Գեղարքունիքի մարզն ունի առավելապես գյուղատնտեսական  ուղղվածություն: Մարզում գործում են  շուրջ 60000 գյուղացիական տնտեսություններ: Տարածաշրջանում լայն տարածում է գտել  անասնաբուծությունը,  մեղվաբուծությունը, ձկնարդյունաբերությունը /հիմնական հենքը Սևանա լիճն է/, կարտոֆիլի մշակությունը և  բուսաբուծությունը: Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջաններում առկա է սոցիալական օբյեկտների ցանց: Մարզում գործում են  39 առողջապահական ընկերություններ, որոնցից` 2 բժշկական կենտրոն, 2 առողջության կենտրոն , 1 ծննդատուն, 2 պոլիկլինիկա և գյուղական ամբուլատորիաներ: Ներկայումս Գեղարքունիքի  մարզում  գործում են 126 հանրակրթական  դպրոցներ, որոնցից  6-ը` ավագ, 98-ը` միջնակարգ , 20-ը` հիմնական և  2-ը`տարրական:     Մարզում գործում են տեղական հեռուստակայաններ` Գավառում, Մարտունիում և Սևանում: