< Նախորդ հոդվածը
29.07.2015 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Գեղարքունիքի ԳԱՄԿ)

ԿԱՂԱՄԲԻ ԳԼԽԱՎՈՐ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ


   Կաղամբը, շնորհիվ արժեքավոր քիմիական կազմի, դասվում է կարևոր սննդամթերքների շարքին: Մեր հանրապետությունում կաղամբի ցանքատարածությունները, յուրաքանչյուր տարի զգալիորեն տուժում են վնասատուներից, հատկապես կաղամբի ցեցից, կաղամբի ճերմակաթիթեռից, կաղամբի բվիկից և կաղամբի լվիճից, որոնց պատճառով զգալիորեն նվազում է բերքատվությունը, իջնում որակը: Վնասակար օրգանիզմների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է ճանաչել, ծանոթանալ դրանց կենսակերպին ու հասցրած վնասի բնույթին: Ստորև տրվում է տեղեկատվություն կաղամբի առավել վտանգավոր վնասատուների կենսակերպի և դրանց դեմ կիրառվող շրջակա միջավայրի համար համեմատաբար անվտանգ ժամանակակից պատրաստուկների վերաբերյալ:

Վնասակար միջատների նկարագիրը:  

 Կաղամբի ցեց (PIuteIIa macuIipennis):Կաղամբի ցեցի թիթեռը փոքր է` 5-6 մմ երկարությամբ, նեղ, դարչնագույն առաջնային և հետևի ծոպավոր, գորշագույն թևերով: Հասուն թրթուրները կանաչ են, իլիկաձև, մարմնի առջևի և հետևի մասում` նեղացված: Դրանց երկարությունը կազմում է 9-12 մմ: Շատ շարժուն են, աննշան հպման դեպքում գալարվելով, կծկվում են և տերևներից իջնում մետաքսանման սարդոստիկով: Ձեռքի մեջ պահելիս գալարվում են օձի նման: Թրթուրներն իրենց գույնով շատ նման են կաղամբին, դրա համար էլ աննկատելի են մնում:

    Ձմեռում են հարսնյակները` կաղամբակոթի, բույսերի մացորդների կամ մոլախոտերի վրա: Թիթեռի թռիչքը սկսվում է վաղ գարնանից, շարունակվում ամբողջ վեգետացիայի ընթացքում: Առաջին սերդում կաղամբի ցեցը զարգանում է մեծ մասամբ մոլախոտերի վրա, երկրորդ սերնդից` մշակովի բույսերի վրա: Զուգավորվելուց հետո թիթեռները դնում են 80-300 ձու կաղամբի կամ խաչածաղկավոր մոլախոտերի տերևների ստորին երեսների վրա, ջղերի երկարությամբ հատ-հատ, կամ 3-5 հատ /փոքր խմբերով/ :Ձվերը փոքր են /0.4-0.5մմ/, տափակ և բաց դեղնավուն:Մի քանի օրից հետո ձվերից դուրս եկած թրթուրները սկսում են կրծել տերևների մաշկը և մտնում դրա հյութալի շերտի մեջ: Արդյունքում, տերևների վրա բացվում են անցքեր:

     Թրթուրների զարգացումը տևում է 1.5-2 շաբաթ, որից հետո հարսնյակավորվում են սպիտակ բոժոժում: Հարսնյակի զարգացումը տևում է շուրջ 15 օր:Մեր հանրապետությունում կաղամբի ցեցը տարեկան տալիս է 5-6 սերունդ : Այդ սերունդները միմյանցից չեն սահմանազատվում, ուստի միաժամանակ կարելի է հանդիպել վնասատուի զարգացման տարբեր փուլերի: Ցեղը մեծ վնաս է հասցնում հատկապես ամառվա կեսերին, այսինքն` բուսաճման շրջանի ամռան շոգ և չոր ժամանակ: Կաղամբի ցեցի դեմ պայքարի աշխատանքները դառնում են նպատակահարմար, երբ կաղամբի ցանքատարածության ոչ պակաս քան 10%-ը բնակեցված է ցեցի 2-5 թրթուրով:

   Կաղամբի ճերմակաթիթեռ (Pieris brassicae L.):

Բավականին մեծ, սպիտակավուն, առջևի թևերը սևով երիզված թիթեռ է, էգի առջևի թևերի վրա կան երկուական սև կլոր բծեր: Արույի թևերի բացվածքը 55 մմ է, էգինը 60 մմ:

   Հայաստանում տարածված է ամենուրեք: Վնասում է կաղամբին, շաղգամին և խաչածաղկավոր այլ բույսերի:

   Ձմեռում է հարսնյակ վիճակում, ծառերի բներում, ցանկապատերի, նաև դաշտում` կաղամբի մնացորդների վրա: Մարտ-ապրիլ անիսներին սկսվում է թիթեռների թռիչքը: Ձվերը դրվում են կերաբույսերի տերևների ստորին երեսում` միաշերտ կույտերով: Յուրաքանչյուր կույտում լինում է 15-140 ձու, մինչդեռ էգի պտղաբերությունը հասնում է մոտ 250-300 ձվի: Ձվերը դեղնավուն են ու եզրավորված:

    Սաղմնային զարգացումը տևում է 4-10 օր: Թրթուրները մոխրա-կանաչավուն են, գորշ գույնի գծերով և կետերով: Մաշկափոխվում են 4 անգամ և ունենում 5 հասակ: Բարձր հասակի թրթուրների չափերը հասնում են մինչև 4 սմ: Մեկ հերթի դրված ձվերից դուրս դուրս եկած թրթուրները միասին ապրում են մինչև 2-րդ հասակ, իսկ 3-4 հասակում ցրվում են ու ապրում առանձին-առանձին:

    Սնվելիս թրթուրները մետաքսի գոտիով իրենց ամրացնում են սուբստրատին և հարսնյակավորվում:Հարսնյակը կանաչա- դեղնավուն է: Առաջին և երկրորդ սերնդի հարսնյակները խոշոր են երրորդ և չորրորդ սերնդի հարսնյակներից:Վնասատուն տարեկան զարգացնում է 3-4 սերունդ: Կաղամբի ճերմակաթիթեռի դեմ պայքարի աշխատանքները դառնում են նպատակահարմար, երբ ցանքատարածություններում բույսերի ոչ պակաս քան 5%-ը բնակեցված են ձվակույտերով կամ թրթուրների խմբերով:

  Կաղամբի բվիկ (Mamestra brassicae:L.):

    Վնասատուն Հայաստանում ունի լայն տարածում: Բվիկի թիթեռը մուգ գորշավուն է, առջևի թևերի վրա կան մուգ գծեր և երկու բիծ` սպիտակ կետերով: Թևերի բացվածքը 5 սմ է: Ձվերը կիսագնդաձև են և ունեն դեղնականաչավուն երանգ: Թրթուրների գույնը տարափոխվում է կանաչից մինչև գորշ կանաչավուն, կամ մինչև գորշ դարչնագույն: Դրանց մարմնի կողքի երկայնքով անցնում է դեղնավուն լայն շերտ: Հասակավոր թրթուրի երկարությունը մինչև 5 սմ է: Հարսնյակը ողորկ է, փայլուն, կարմրագորշ, ունի մինչև 2,5 սմ երկարություն: Հարսնյակը ձմեռում է հողի մեջ:Թիթեռի թռիչքը տեղի է ունենում մայիսից- հունիս ամիսներին: Բեղմնավորված էգը ձվերը դնում է 30-80, երբեմն մինչև 200 հատ մեկ շերտի կույտով: Ընդհանուր պտղաբերությունը հասնում է մինչև 1500 ձվի:

     Սաղմնային զարգացումը տևում է 10-15 օր: Առաջին հասակի թրթուրները առանց ցրվելու ապրում են խմբերով, իսկ մեծանալիս առանձնանում առանձնանում են: Թրթուրը բազմակեր է, վնասում է խաչածաղկավորներին, ինչպես նաև` ճակնդեղը, սոխը, արևածաղիկը, սիսեռը և մշակովի այլ բույսեր, սակայն ավելի շատ` կաղամբը: Սնվելիս թրթուրները գերադասում են կաղամբի ամենաերիտասարդ տերևները, որոնցում անկանոն անցքեր են բացում: Աճման կոնով սնվելիս կաղամբը գլուխ չի կապում, իսկ կաղամբի ձևավորված գլուխներում բացում են միջանցքներ, աղբոտում կղկղանքներով և սնման համար կաղամբը դարձնում անպետք: Թրթուրների զարգացումը տևում է 45-60 օր, որի ընթացքում վնասատուն անցնում է 6 հասակ: Սնուցումն ավարտելուց հետո վերջին հասակի թրթուրները հողում հարսնյակավորվում են:Վնասատուն տարեկան տալիս է 1-2 սերունդ:

    Կաղամբի բվիկի դեմ պայքարի աշխատանքները դառնում են նպատակահարմար, երբ կաղամբի ցանքատարածությունում բույսերի ոչ պակաս քան 5-10%-ը բնակեցված են 1-3 թրթուրով:

    Կաղամբի լվիճը (Brevicoryne brassicase L.):

    Հայաստանում տարածված է ամենուրեք, ուր մշակվում է կաղամբ:Կաղամբի լվիճը, բացի կաղամբից բազմանում է նաև շաղգամի, բողկի, ծաղկակաղամբի, մանանեխի վրա:

     Լվիճի անթև կուսածին էգն ունի մեխրասպիտակավուն մոմափոշով ծածկված ձվաձև մարմին, որի երկարությունը 1,9-2,3 մմ է:Թևավոր կուսածին էգն ունի երկու զույգ թևեր և անթև էգից տարբերվում է նաև բարեկազմ փորով: Մարմնի երկարությունը 2,2 մմ է: Ունի դարչնականաչավուն երանգ:

    Լվիճի սեռակիր էգն անթև կուսածին էգից տարբերվում է մարմնի ավելի փոքր չափով(երկարությունը` 1,7 մմ) ու այլ ձևով (հետևի ոտքերի սրունքները խիստ հաստացված են): Ձմեռում է ձվի փուլում` դաշտում մնացած կաղամբակոթունների ու խաչածաղկավոր բազմամյա մոլախոտերի վրա: Գարնանը ձմեռող ձվերից դուրս եկած թրթուրները սնվելով խաչածաղկավոր բույսերի (որոնց վրա անցկացվել է ձմեռելու փուլը) հյութով մաշկափոխվում են 4 անգամ և ձևափոխվում կուսածին էգ հիմնադիրների (բարենպաստ պայմաններում մաշկափոխություններն ավարտվում են 10-15 օրում և թրթուրներն այդ ընթացքում վերածվում են հասուն լվիճների): Վերջիններս կուսածին եղանակով ծնում են թրթուրներ, որոնցից զարգանում են էգ կուսածինները:

    Էգ կուսածինները կուսածնորեն բազմանում են` ծնելով մինչև 40 թրթուր, որոնք իրենց հերթին(մաշկափոխություններից հետո) դարձյալ վերածվում են կուսածին էգերի:Ծնված թրթուրները բույսերի վրա առաջացնում են նվազ շարժունակ լվիճների կուտակումներ(գաղութներ): Ամռան կեսերին, երբ տերևները կոշտանում են, անթև կուսածինները ծնում են թրթուրներ, որոնցից դուրս են գալիս անթև և թևավոր կուսածիններ: Վերջիններս թռչում գնում են կաղամբի և այլ կուլտուրական ու վայրի խաչածաղկավորների վրա և այնտեղ հիմնում են գաղութներ: Բազմացման արագ տեմպերի շնորհիվ, կարճ ժամանակահատվածում լվիճների քանակությունը կաղամբի տերևների վրա հասնում է հսկայական չափերի (մինչև մի քանի հարյուրի) և նրա գաղութները բույսերի բոլոր տերևները ծածկում են երկու կողմից: Թե հասունները և թե թրթուրները բույսերի հյութը ծծելով,նրանց հյուծելով մահանում են: Աշնանը, ցրտերն ընկնելուն պես, ի հայտ են գալիս էգ սեռակիրները, որոնց ծնած թրթուրներից ձևավորվում են արու և էգ լվիճներ (տարասեռեր): Բեղմնավորված էգը հատ-հատ դնում է 3 ձու` ամենից լավ պաշտպանված տեղերում (ցողունների խոռոչներում, բերքահավաքից հետո դաշտում մնացած տերևների ցածի երեսին և այլն): Ձուն երկարավուն ձվաձև է (երկարությունը`0,5 մմ), որի մի ծայրը մյուսի համեմատ քիչ է ուռուցիկ:Այսպիսով, կաղամբի լվիճը մինչև աշնան վերջը(նոյեմբեր) բազմանում է կուսածնությամբ թրթուրներ ծնելով:Ձվադրությունը կատարվում է միայն սեռակիրների կողմից աշնանը ծնած բեղմնավորված էգը: Ամռան ընթացքում կաղամբի լվիճը տալիս է 16 սերունդ:

    Վնասատուի դեմ պայքարի աշխատանքները դառնում են նպատակահարմար, երբ կաղամբի ցանքատարածության 5-10%-ը բնակեցված է լվիճի մանր գաղութներով

   Հիվանդությունների նկարագիրը: 

   Սև ոտիկը(Olpidium brassicae Wor, Pythium debaryanum Hesse)-սնկային հիվանդություն է, որն առաջացնում է մի քանի սնկեր: Տարածված է ամենուրեք, առավել հաճախ հանդիպում է սածիլանոցներում: Վնասում է կաղամբի արմատավզիկը, որը գորշանում է: Ցողունը բարակում է և կոտրվում, որի արդյունքում բույսը մահանում է:

   Երբ տարիների ընթացքում սածիլանոցի հողը չի փոխվում` հողում հարուցիչների կուտակման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Հիվանդության դրսևորմանը նպաստում է նաև հողի բարձր թթվայնությունը:

  Կիլա (Plasmodiophora brassicae Wor.): Հիվանդությամբ վարակվում է ինչպես գլուխ կապող, այնպես էլ ծաղկակաղամբի և սածիլները և հասակավոր բույսերը: Հիվանդությունն առավելապես դրսևորվում է թթվային, խոնավ և կավային հողերում:

  Օրգանական սննդանյութերով (հումուս և այլն) հարուստ հողերում հիվանդությունը թույլ է արտահայտվում:

    Վարակն արտահայտվում է արմատային համակարգի վրա, առաջացնելով տարբեր չափերի ուռուցքներ, որոնք ժամանակի ընթացքում փտում և քայքայվում են: Սածիլ հասակում բույսերը, վարակվելիս, մահանում են:

   Միջատասպան պատրաստուկների նկարագիրը.

Լեպիդոցիդ: Աղիքային ազդեցության միջատասպան բակտերիալ պատրաստուկ է, որն արտադրվում է խտացված չոր փոշու տեսքով: Փոշու յուրաքանչյուր գրամը պարունակում է ոչ պակաս 100 մլրդ կենսունակ սպոր և օժտված է 3000 ԱՄ/մգ ակտիվությամբ:

    Ազդող հիմքը սպոր- բյուրեղային կոմպլեքսն է:

 Անվտանգ է մարդկանց, տաքարյուն կենդանիների և օգտակար էնտոմոֆաունայի համար:

   Բիտոքսիբացիլին (ԲՏԲ):  

   Աղիքային ազդեցության միջատասպան բակտերիալ պատրաստուկ է, որն արտադրվում է չոր փոշու ձևով: Փոշու յուրաքանչյուր գրամը պարունակում է ոչ պակաս 60 մլրդ կենսունակ սպոր և օժտված է 1500 ԱՄ/մգ ակտիվությամբ:

   Ազդող հիմքը սպոր-բյուրեղային կոմպլեքսն է բետա- էկզոտոքսինը:   Պատրաստուկի 1 գրամ փոշում պարունակվում է 0,6-0,8% էկզոտոքսին:

    Անվտանգ է մարդկանց, տաքարյուն կենդանիների և օգտակար էնտոմոֆաունայի համար:

    Սպասման ժամկետը վերջին մշակումից մինչև բերքահավաքի սկսվելը 5 օր է:

 Կալիպսո:

  Ներբուսային և կոնտակտ ազդեցության միջատասպան է:

  Ազդող հիմքը տիակլոպրիդն է: Թույլ թունավոր է մեղուների և անվտանգ շրջակա միջավայրի համար:

   Պատրաստուկը փողարկվում է 48% խտացված կախույթի (խկ) տեսքով:

    Սպասման ժամկետը վերջին մշակումից մինչև բերքահավաքի սկսվելը 20 օր է

    Կոնֆիդոր:

   Ներբուսային և կոնտակտ ազդեցության միջատասպան է: Ազդող հիմքը իմիդակլոպրիդն է:

    Թույլ թունավոր է տաքարյուն կենդանիների և անվտանգ շրջակա միջավայրի համար:

    Պատրաստուկը թողարկվում է 20% ջրային լուծվող խտության (ջլխ) տեսքով:

    Սպասման ժամկետը վերջին մշակումից մինչև բերքահավաքի սկիզբը 20 օր է:

   Ծծումբ կոլոիդ:

    Պատրաստուկը թողարկվում է 800 գ/կգ մածուկի (մ) կամ թրջվող փոշու (թփ) տեսքով:

   Պայքարի միջոցառումները:

    Պայքարի գործում առաջնակարգ նշանակություն ունի մոլախոտերի համակարգված ոչնչացումը, քանի որ մոլախոտերի վրա սնվում են ինչպես թիթեռները (ճերմակաթիթեռ` նեկտարով), այնպես էլ վաղ գարնան սերնդի թրթուրները (կաղամբի ցեց և լվիճներ` տերևներով):

    Խորը վարը նպաստում է վնասատուների ձմեռող հարսնյակների (կաղամբի ցեց, ճերմակաթիթեռ, բվիկ) և ձվերի (լվիճներ) մի զգալի մասի ոչնչացմանը:

    Կաղամբի լվիճի քանակության նվազեցմանը նպաստում է կաղամբի ցանքատարածության շրջակայքում հովանոցավոր բույսերի (գազար, սամիթ) տեղաբաշխումը, քանի որ վերջիններս դեպի իրենց են գրավում լվիճների շատ էնտոմոֆագերի:

    Վնասակար միջատների զանգվածային բազմացման ծրջանում, երբ վնասատուների քանակությունները գտնվում են նրանց համապատասխան տնտեսական վնասակարության շեմերի կամ նրանցից բարձր սահմանագծում, անհրաժեշտություն է լեպիդոցիդի (1 կգ/հա) և ԲՏԲ-ի (1,5 կգ/հա) փոխեփոխ կիրառությունը կաղամբի ցեցի և ճերմակաթիթեռի դեմ և կալիպսոյով (0,2 լ/հա) և կոնֆիդորով (0,2 լ/հա) պայքարը` կաղամբի բվիկի և լվիճների դեմ:

     Սև ոտիկ հիվանդությունը բացառելու համար անհրաժեշտ է ջերմոցներում կոլոիդ ծծումբ (30 կգ/հա) հող մտցնել ցանքից կամ սածիլումից 3 օր առաջ, իսկ կիլա հիվանդությունը կանխելու համար անհրաժեշտ է սածիլման ժամանակ հողը ջրել կոլոիդ ծծմբի 0,4%-ոց ջրային կախույթով:


To top