< Նախորդ հոդվածը
19.06.2015 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Գեղարքունիքի ԳԱՄԿ)

ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ


   Մարդկային հասարակության զարգացման զուգընթաց մարդիկ ընտելացել և աճեցրել են կենդանիներ, դեռևս 10 հազար տարի: Այսօր էլ ինչպես միշտ, նրա գոյության համար նյութական բարիքների ստացման հիմնական աղբյուրներից մեկը շարունակում է մնալ անասնաբուծությունը:

   Անասնաբուծությունից ստացվում են արժեքավոր մթերքներ` միս, կաթ, կենդանական յուղ, ձու, բարձրորակ հումք` կաշի, բուրդ, օրգանական պարարտանյութեր, կենսահումուս և այլն:

  Անասնաբուծության առաջատար ճյուղը համարվում է տավարաբուծությունը, որը միաժամանակ եկամտաբեր է: Տավարաբուծությունը նպաստում է նաև բնատնտեսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը, կենդանական ծագման մթերքներով բնակչության պարենային պաշտպանվածության խնդիրների լուծմանը:

   Տավարաբուծության զարգացման գլխավոր նախադրյալներն են.

- Տոհմային գործի կազմակերպում, բուծում, երինջացուների /կովացուների/ ստացման և աճեցման խնդիրները, գյուղկենդանիների արհեստական սերմնավորումը:

- Տավարի պահվածքը և խնամքը:

  Տավարաբուծության զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկը համարվում է կենդանիներից արժեքավոր սնունդ ստանալը և գլխավոր նպատակը այն է, որ յուրաքանչյուր սերունդ իր մթերատվությամբ պետք է գերազանցի նախորդ սերնդին: Այդ առումով ամենահուսալին արհեստական սերմնավորման մեթոդի կիրառումն է, որը համարվում է անասնաբուծության որակական առաջընթացի վճռման ամենահուսալի մեթոդը: Կովերի կաթնատվությունը կրկնապատկվում և եռապատկվում է հասնելով 8000-10000կգ:

  Առանց արհեստական սերմնավորման մեթոդի անհնար է կարճ ժամանակահատվածում և զանգվածային ընդգրկումներով հասնել կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների ու հատկությունների կտրուկ բարելավմանը, իրականացնել նոր ու արժեքավոր ցեղերի, ներցեղային տիպերի, գծերի, նախիրների, հոտերի և ցեղի կառուցվածքը ապահովող այլ միավորների ստեղծումը, գենոֆոնդի պահպանումը, հարստացումը և կատարելագործումը: Բնական զուգավորման դեպքում մեկ ցուլի հաշվով, առավելագույնը, տարեկան ստացվում է 100 հորթ, ապա արհեստական սերմնավորման պարագայում հնարավոր է հարյուրապատիկ անգամ ավելի և ապացուցված է, որ մեկ ցուլի կյանքի ընթացքում ստացվել է շուրջ 25000 գլուխ հորթ /սերունդ/: Կովերի արհեստական սերմնավորման կիրառման տարիներից ի վեր 2,8 անգամ ավելացել է կովերի կաթնատվության միջին տարեկան աճը: Կենդանիների արհեստական սերմնավորումը կանոնավոր կազմակերպված անցկացնելու դեպքում նվազագույնի է հասցվում մայրական կազմի ստերջությունը և կանխվում են բնական զուգավորման ժամանակ փոխանցվող և արագ տարածվող վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են` բրոցելոզը, վիբրոզը, տրիխոմոնոզը, լեկոզը, լեպտոսպիրոզը և այլն: Արհեստական սերմնավորման մեթոդի դեպքում անհամեմատ կարգավորելի է դառնում ծնի սեզոնայնության կամ համաչափության ապահովման լուծումները, բացի այդ կարգավորվում է տոհմային գործի արդյունավետությունը` սկսած հաշվառումից մինչև իսկ սպասվելիք սերնդի որակական կանխատեսումների, նրանց վերարտադրության, ընտրության, զուգընտրության, սելեկցիայի գործընթացներին վերաբերվող անելիքները: Ստացված սերունդը գտնվում է հաշվառման տակ և հետագայում հնարավոր է կատարել ընտրությունը կովերի կազմը համալրելու համար, որը նախկինում պետք է կազմի 40% : ՀՀ-ում տավարի պահվածքը իրականացվում է երկու եղանակով`

- Մսուրա-սորտային, երբ տարվա մեջ շուրջ 7 ամիս կենդանիները լինում են մսուրային պահվածքի, իսկ 5 ամիս արոտային պահվածքի պայմաններում:

- Շուրջ տարվա մասուրային, երբ կովերը և փոքր հասակի մատղաշը ամբողջ տարին լինում են մսուրային պահվածքի պայմաններում:

  ՀՀ-ում կերահանդակները /արոտները/ կազմում են պիտանի հողատարածքների 1մլն.250 հազ. հա` 57-60%-ը: Արտադրվող կաթի 70% ապահովում է արոտները: Արոտավայրերը արդյունավետ և ճիշտ օգտագործման համար պետք է կիրառել արոտաշրջանառություն, որը արոտները բաժանում է արոտամասերի` դրանց կարգավորված արածեցում, արածեցման հերթականության ամենամսյա փոփոխումը, արոտամասերի պարբերաբար ուշ արածեցումը: Անասունների արածեցման եղանակներից առավել տարածվածն ու գործնականը երկուսն են`

  - Ազատ կամ չհամակարգված արածեցումը,

 - Հերթական կամ համակարգված արածեցումը: Որպեսզի կատարվի հերթական արածեցում, ապա այն պետք է տևի 20-25 օր, որպեսզի բույսերը սկսեն վերաճ տալ և հետագա բոլորապտույտները պետք է տալ 35-40 օր հետո:Արոտավանդակում արածեցման տևողությունը առաջին բոլորապտույտի ժամանակ պետք է կազմի 2-3 օր, իսկ հաջորդ բոլորապտույտները 3-5 օր ոչ ավելին:

  Արոտավայրերի արդյունավետ օգտագործման համար մեծ նշանակություն ունի նաև մակաղատեղերի, ջրելատեղերի, անցուղիների կառուցումը, ջրելատեղերը չկեղտոտելու համար մակաղատեղերը պետք է կառուցել ջրելատեղերից 300-500 մետր հեռավորության վրա: Կթու կովերի համար ջրելատեղերի հեռավորությունը արոտավայրերից պետք է լինի 1-1,5 կմ, բտվող տավարի և ոչխարների համար 2-3կմ:

  Արածեցումը չի թույլատրվում վաղ գարնանը ձնհալից հետո, ուշ աշնանը բույսերի հանգստի շրջանում, անձրևից հետո գերխոնավ ճմի վրա, ցածրաճ արոտավայրերում 2-3սմ-ից ցածր, բարձրաճ արոտավայրում 5-6սմ-ից ցածր:

  Արոտային շրջանում ստացվող կաթը և տավարի միսը լինում է ավելի էժան և որակով: Տավարը մսուրային շրջանում պահում են կապված և անկապ վիճակում: Հանրապետությունում ընդունված է կովերին պահել առավելապես կապված, իսկ մատղաշը կապված և անկապ: Տավարի մսուրային պահվածքի առավելապես կապված պահվածքի դեպքում լայն չափով պետք է կիրառվի կենդանիների զբոսանքը, պահպանելով միկրոկլիմայի պարամետրերը անասնաշենքում:

  Տիպային և անհատական անասնագոմերում օդը պարունակում է ամոնիակ, տարբեր տիպի գազեր, որը բացասաբար է անդրադառնում անասունների առողջության վրա և հիվանդանում էին տարբեր հիվանդություններով, որը բացասական ազդեցություն էր թողնում մթերատվության ու սերնդատվության վրա: Վերջին ժամանակներս նոր տոխնոլոգիաների կիրառումով, անասունների համար կառուցում են բացօթյա եռատար անասնաշենքեր, որի կառուցման համար մեծ ծախսեր չեն պահանջվում:

  Բացօթյա անասնագոմը եռատար ծածկով շինություն է` իր զբոսահրապարակով, կերամանները տեղադրված են զբոսահրապարակի ցանկապատի դրսի կողմից: Անասնաշենքի բաց կողմը պետք է ուղղված լինի դեպի հարավ կամ հարավ արևելք, այնպես որ քամիները չթափանցեն անասնաշենքի ներսը: Կենդանիները ազատ կարող են շարժվել, չեն մրսի և մաշկը չոր է մնում,օդը մաքուր է և չեն հիվանդանում մաստիտով, ներարգանդային հիվանդություններով: Կենդանիները ունենում են բարձր դիմադրողականություն, աճի ինտենսիվ տեմպ և հուսալի նախապայման կաթի և մսի արտադրության ավելացման համար:

  Եռապատ անասնագոմում կովերի կաթնատվությունը ավելի բարձր է, կաթը ավելի որակյալ, առողջ վիճակ, որը նպաստում է պտղաբերության աստիճանի բարձրացմանը և անասունների երկարակեցությանը: Այս պահվածքի դեպքում 30% -ով նվազում է հորթերի անկումը: Բացօթյա պայմաններում անասունների պահվածքը նոր տեխնոլոգիաների պայմաններում տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտա աճեցնել նախրի նորոգման համար բարձրարժեք երինջացուներ: Բացօթյա պահվածքի ժամանակ տավարի մատղաշը օրական կարող է տալ 650-800 գրամ քաշաճ:

  Վերը նշվածից ելնելով, առաջարկում ենք հանրապետությունում գործող և նոր ձևավորվող համալիրներին և ֆերմերային տնտեսություններին արմատավորել ինչպես նախրի նորոգման, այնպես էլ մսացու մատղաշի բացօթյա պահվածքի եղանակը:

  Վերը նշված գործոնների ճիշտ իրականացումը և կատարումը կնպաստի անասնաբուծության ինտենսիվ զարգացմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

                                                          Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի գյուղ. խորհրդատու,

                                                                          տնտ.գիտ. թեկնածու Ս. Ավագյան


To top